Ադրբեջանցիների չար կատակը` ապրիլի 1-ին ընդառաջ

Սույն թվականի մարտի 31-ը կհիշատակվի ոչ միայն նրանով, որ ամբողջ աշխարհում անցկացվում էր «Երկրագնդի ժամը» ակցիան, այլև նրանով, որ այդ օրը Ադրբեջանում նշվում էր «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության հերթական տարելիցը». Այսպես` համաձայն ադրբեջանական պաշտոնական տեսակետի` «1918թ. մարտին Բաքվում և ներկայիս Ադրբեջանի այլ գավառներում տեղի ունեցած ջարդերի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ»: Թե ով էր կազմակերպվել և իրականացրել «ադրբեջանցիների ջարդը», գուշակել դժվար չէ, քանի որ Ադրբեջանում տեղի ունեցած ցանկացած բացասական դեպք և երևույթ անկախության ձեռքբերումից ի վեր Ադրբեջանի իշխանությունները վերագրում են «նենգադավ և անշնորհակալ հայերին»: Այս դեպքը ևս բացառություն չէ:

Ինչպես և վերջին տարիներին, այնպես էլ այս տարի մարտի 31-ն Ադրբեջանում հիշատակվեց ադրբեջանցի պաշտոնյաների լկտի հայտարարություներով, տեղական ԶԼՄ-ների հայատյաց հրապարակումներով  և ադրբեջանցիների ցեղասպանությանը նվիրված գիտաժողովների բեմադրմամբ, որոնց ընթացքում  ադրբեջանցի պատմաբան կոչեցյալները և օտարերկրյա ծախված մակաբույծ-«փորձագետները» ներկայացնում են հայերի դաժանության փաստերը:

Ընդհանուր առմամբ` անիմաստ է խոսել ադրբեջանցիների «ցեղասպանության»  իսկության մասին, որովհետև արդեն քանի տարի է, ինչ թե´ հայ, թե´ օտարերկրա փորձագետների կողմից ապացուցվել է, որ ադրբեջանցիների պնդումներն աբսուրդային են, և դեռ ավելին` իրականում տեղի է ունեցել հակառակը. 1918թ. սեպտեմբերին թուրքական զորքերի և կովկասյան թյուրքերի (ադրբեջանցիների) զորամիավորումների կողմից զոհվում է ավելի քան 10 հազար հայ, անդրկովկասի այլ բնիկ ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ:

Հարկ է նշել, որ ադրբեջանցիների ցեղասպանության մասին լեգենդն անուղղակիորեն ջախջախվում է նաև հենց այդ լեգենդի հեղինակ` ադրբեջանցիների գլխավոր աստված` ներկայումս դժոխաբնակ Հեյդար Ալիևի կողմից: Այսպես, 1978թ.-ի մի պայծառ աշնանային օր` հոկտեմբերի 11-ին, Լենինի «ճիշտ» գործի և կոմունիզմի հետևորդ Հեյդար Ալիևը, ելույթ ունենալով Ստեփան Շահումյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին, հայտարարել էր, որ 1918թ. մարտի դեպքերը խոհրդային կարգերի տապալման նպատակով մուսաֆաթականների կողմից բարձրացված զինված ապստամբություն էր, որը ճնշվել էր բոլշևիկների որոշիչ միջոցների շնորհիվ: Ցավոք, կոմունիստ Հեյդարն այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ քսան տարի անց` 1998թ. ինքը առաջ է քաշելու «ադրբեջանցիների ցեղասպանության» գաղափարը և նույն Ստեփան Շահումյանին կնքելու է «ադրբեջանցիների ցեղասպանության կազմակերպիչ»: Ինչպես տեսնում եք, Հեյդարի աներեսությունը և լկտիությունը սահմաններ չուներ:

Ամեն դեպքում, պետք չէ հակադարձել ադրբեջանցիներին և էլ ավելին` պետք չէ «նեղանալ» ադրբեջանցիներից. ուղղակի պետք է յուրաքանչյուր տարվա մարտի 31-ին տեղի ունեցող այդ ադրբեջանական բեմադրությունն ընդունել որպես չար կատակ` ապրիլի 1-ին ընդառաջ: Վերջիվերջո, միգուցե այդպիսին է ադրբեջանական հումորը:

Տիգրան Աբրահամյանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում