Ապրիլի 22-ին կկայանա Երևանը Գրքի մայրաքաղաք հռչակման հանդիսավոր արարողությունը. Սպասվում են մի շարք գեղեցիկ միջոցառումներ

Ինչպես հայտնի է, 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է որպես Գրքի Մայրաքաղաք: Այդ կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի Քաղաքապետարանի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ Երևանի Քաղաքապետարանն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ: Գրքի Մայրաքաղաք հռչակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 22-ին:

«Ապրիլի 22-ին Բունեոս Այրեսի քաղաքապետը Երևանի քաղաքապետին կհանձնի այդ կոչումը: Շուրջ 60 պաշտոնյաների այցելություն է նախապատրաստվում Երևան, որոնց թվում՝ տասնյակ քաղաքապետերի»,- ասել է Քաղաքապետարանի աշխատակիցը:

Ա.Սուքիասյանը նկատել է, որ մշակութային միջոցառումները նշելու համար Երևանի փոքր կենտրոնում շուրջ 23 բեմահարթակներ են կառուցվելու, երեխաներին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու, ինչպես նաև բացվելու են գրավաճառ կետեր, կազմակերպվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ. «Մայիսի 5-ից հունիսի 10-ը Երևանում կտեղադրվեն 20 գրավաճառ կետեր, որտեղ հրատարակիչները կներկայացնեն իրենց աշխատանքները: Գլխավոր միջոցառումները կանցկացվեն Մատենադարանում ու Ազատության հրապարակում»,- նշել է բանախոսը: 

Քաղաքապետարանի մշակութային գծով խորհրդականը նաև ասել է, որ Հայաստանի հետ միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕին Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը ստանձնելու հայտ էին ներկայացրել Անգլիան և Չինաստանը, սակայն ընտրությունը կանգնել է հենց Հայաստանի մայրաքաղաք Երևանի վրա` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս տարի նշվում է Հայ գրատպության 500-ամյակը:

Ա.Սուքիասյանի խոսքերով՝ Երևանում սպասվող տոնին ընդառաջ բացվելու են նաև երկու գրախանութներ. «Կարևոր է, որ միջոցառումները լինեն հավասարապես բոլոր քաղաքացիների համար, և միային հանդիսատես-բեմահարթակ սկզբունքը չդրվի ծրագրի հիմքում»:

Նշելով, որ Երևանում սպասվում է միջոցառումներով հագեցած ամառ՝ Ա.Սուքիասյանը հայտնել է, որ ապրիլի 5-ից 7-ը Երևանում անցկացվելու են Մոսկվայի օրերը, իսկ ապրիլի 25-ից 27-ը՝ ՍանկտՊետերբուրգի օրերը:

«Հայերին ռուսական մշակույթը միշտ էլ հոգեհարազատ է եղել, և երկար տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մեր երկրում կհյուրընկալվեն Ռուսաստանի վաստակավոր և ժողովրդական արտիստներ, ինչպիսիք են «Ռուսկայա դուշա» անսամբլը, «Սբորնայա սայուզա» ջազ բենդը, «Տեստա» պարային համույթը և «Խոր Տուրեցկովո»-ն»,- ընդգծել է Ա.Սուքիասյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցը նաև ասել է, որ առայժմ Երևանում խիստ ծանրաբեռնված ռեժիմով տարվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ՝ քաղաքը կարգի բերելու և գեղեցկացնելու նպատակով.

«Ապրիլի 20-ից կգործեն Երևանի բոլոր շատրվանները, Կարապի լճում մինչև հոկտեմբեր ամիսը կտեղադրվի ջրային էկրաններից մեկը, որն ամեն ուշ երեկոյան համապատասխան նյութեր կցուցադրի, Մատենադարանի շենքի վրա կտեղադրվեն եռաչափ մոդելով ցուցադրութուններ»,- ասել է Ա.Սուքիասյանը՝ հույս հայտնելով, որ  նախատեսվածի գոնե 90%-ը կիրականանա:

Բանախոսը նաև նշել է, որ ծրագիրը փոխադարձ է, և ըստ այդմ՝ ամռանը Մոսկվայում, իսկ աշնանը Սանկտ-Պետերբուգում սպասվում են Երևանի մշակույթի օրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում