Կիպրոսի ԱԳ նախարար. «Հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակույթը»

Ապրիլի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ բարեկամական հարաբերություններին, որոնց համար կարևոր հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր կապերը և հայ համայնքի պատմական ներկայությունը Կիպրոսում: Նորին Սրբությունը կարևորեց Հայաստանի և Կիպրոսի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի խնդիր երկու ժողովուրդների շահերի պաշտպանության:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Կիպրոսի կառավարությանը` հայ համայնքի հոգևոր և ազգային կյանքի, կրթական ու մշակութային հաստատությունների հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձավ հայ համայնքի դերակատարությանն երկրի կյանքում` ընդգծելով, որ հայ համայնքը հարստացնում է Կիպրոսն ու նրա մշակույթը և ամուր կամուրջ է հանդիսանում երկու ազգերի միջև:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկեցին նաև Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող, համամարդկային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբավայրերի մտահոգիչ վիճակը: Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու օրհնությունը հղեց Կիպրոսի ժողովրդին` մաղթելով, որ Կիպրոսի խնդիրն իր արդար լուծումը գտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում