Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. «Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին»

Այսօր՝ ապրիլի 7-ին, Հայաստանում տոնվում է Մայրության և գեղեցկության օրը: Եկեղեցական օրացույցի համաձայն՝ այսօր նշում է նաև ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը:

Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:

Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը:

Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նաև իր շնորհավորական ուղերձն է հղել հայոց մայրերին.

«Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի:

Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, և բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին և պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն:»

Հետևեք մեզ նաև Telegram-ում