Նախագահն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ախուրյան համայնքում նա ծանոթացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012 թթ. ծրագրի շրջանակում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին:

Նախագահի հետ հանդիպմանը համայնքի բնակիչները խոսել են գյուղի խնդիրներից՝ մասնավորապես շեշտելով ավագ դպրոցի և մանկապարտեզ բացման կարևորությունը: ՀՀ նախագահը նշել է, որ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրներին փորձ կարվի լուծում տալ:

Ախուրյանից ՀՀ նախագահն ուղևորվելու է Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասեր, որտեղ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրի շրջանակում իրականացվում է շինարարություն: Այդ թաղամասերում շինարարություն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը: 

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Ախուրյան համայնքում կառուցվում է 3 բնակելի շենք՝ 104 բնակարանով, այժմ շինաշխատանքները երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման փուլում են:

Մ. Ներսիսյանի խոսքերով՝ շենքերի կառուցման աշխատանքները կավարտվեն 2013 թ.-ի առաջին եռամսյակում: Նա նաև ընդգծել է, որ շենքերն ունեն 9 բալ սեյսմակայաունություն:

Շենքերի տարածքում լինելու է ասֆալտապատ տարածք, կանաչապատ գոտի և արտաքին լուսավորություն:

Նաև նշվել է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության պետական ծրագրի 2-րդ փուլում Գյումրի քաղաքում կառուցում է 1756 բնակարան, իսկ Ախուրյանում ևս 104-ը:

Կառուցված շենքերի թիվը համապատասխանաբար կազմում է 33 շենք Գյումրու Մուշ-2 թաղամասում, 5 շենք Անի թաղամասում և 3 շենք Ախուրյան համայնքում: Շենքերը 4 հարկանի են` 1-4 սենյականոց:

Ներկայումս աշխատանքներում ներգրավված է շուրջ 2000 մասնագետ և մոտ 15 տեղական մատակարար կազմակերպություն: Բացի այդ, Գյումրիի Մուշ 2 թաղամասում սկսվել է 1080 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցումը: Համաձայն պայմանագրի, դպրոցը պետք է պատրաստ լինի այս տարվա օգոստոսին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում