Գարեգին Նուշիկյան. «Երիտասարդությունն է կերտում մեր վաղվա օրը»

Times.amի հարցերին պատասխանում է «Նուշիկյան ասոցիացիայի» ղեկավար Գարեգին Նուշիկյանը, ով գալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված է Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում.

Պարոն Նուշիկյան, Դուք նշել եք, որ մտահոգված եք երիտասարդության խնդիրներով, Ձեր կարծիքով` այսօր երիտասարդության խնդիրները որո՞նք են:

Նախ, սկսեմ նրանից, որ ես շատ եմ կարևորում երիտասարդների ստացած կրթության որակը: Գիտելիքն աշխարհայացքի, ներուժի ձևավորման ու դրսևորման հարցում մեծ նշանակություն ունի: Այսօր  կրթական ոլորտում մենք  շատ թերություններ ունենք, որոնց շտկումը, կարծում եմ` ժամանակի խնդիր է, բայց դա չի նշանակում, որ ուսանողը պետք է հույս դնի միայն ԲՈՒՀ-ի տված գիտելիքի վրա. այսօր շատ կարևոր է ինքնազարգացումն ու ինքնակրթումը, քանի որ, նույնիսկ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու դեպքում, աշխատանքի է ընդունվում ամենապատրաստված մասնագետը, ուստի կուզենայի, որ այսօր երիտասարդը կարողանար ստանալ այնպիսի գիտելիք, որը նրան արժանավայել կյանք կառուցելու հնարավորություն կտար: 

Ձեր կարծիքով` այդ  խնդիրը խոչընդոտու՞մ է երիտասարդության առաջխաղացմանը և զարգացման ձգտումներին:

 Ինչ-որ չափով` այո, որովհետեւ երիտասարդությունը մեծ ավյունով եւ էներգիայով լցված  մտնում է մեծ կյանք, եւ, հանդիպելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտների` կարող է ներքուստ կոտրվել: Շատ կարևոր է, որ երիտասարդը հավատա իր ուժերին, հավատա, որ ի զորու է հասնելու իր նպատակներին, իսկ այդ հարցում էլ նրան պետք է սատար կանգնի պետությունը, որն էլ իր հերթին պետք է կարողանա երիտասարդներին աշխատանքով ապահովել և կայուն կյանքի պայմաններ ստեղծել: Կուզենայի տեսնել գրագետ, կիրթ երիտասարդություն, որը կարևորում է նաև մարդկային հատկանիշները` բարությունն ու մեկը մյուսի նկատմամբ հանդուրժողականությունը: Բարությունը շատ կարևոր հատկանիշ է, և կյանքը մի օր անպայման բարությանը բարությամբ կփոխհատուցի:

Ինչպիսի՞ն է եղել Գարեգին Նուշիկյանը երիտասարդ տարիքում: Ի՞նչ դրական եւ բացասական կողմեր եք նկատում, երբ համեմատում եք Ձեր տարիների եւ ժամանակակից երիտասարդներին:

  – Իմ մասին կարող եմ ասել, որ երիտասարդ էի, ով հետաքրքրվում էր գրականությամբ, երաժշտությամբ, սպորտով: Շատ էի սիրում ֆուտբոլ և շախմատ խաղալ, ջազի մեծ սիրահար էի, և մինչ օրս էլ սիրում և լսում եմ ջազային երաժշտություն: Մեր և այսօրվա երիտասարդների հիմնական տարբերությունն այն է, որ մենք ավելի անհոգ էինք, իսկ այսօր երիտասարդը բազմաթիվ մտահոգություններ ունի, որոնց լուծման ճանապարհին էլ  կյանքի փորձ է ձեռք բերում: Կուզենայի, որ հայ երիտասարդը միշտ արժանապատվորեն լուծեր իր կյանքի ճանապարհին հայտնված բոլոր խնդիրները և բաց ճակատով մտներ մեծ կյանք:

– Որոնք են Ձեր սիրած գրքերն ու հեղինակները, որոնց կարող եք այս պահին առանձնացնել:

– Այդ գրքերը շատ են: Նշեմ իմ սիրած մի քանի հեղինակների` հայ գրողներից շատ սիրում եմ Հովհաննես Թումանյանին, շատ-շատ սիրում ու մեծարում եմ Պարույր Սեւակին: Արտասահմանյան գրողներից կարող եմ այս պահին առանձնացնել` Լեվ Տոլստոյ, Շեքսպիր, Բալզակ, Հյուգո և այլոց: Յուրաքանչյուր գրական ստեղծագործություն ընթերցելիս ինքս ինձ համար մի նոր աշխարհ եմ բացահայտել, նոր պատասխաններ գտել, որոնք ինձ օգնել են տարբեր իրավիճակներում: Երիտասարդներին խորհուրդ կտայի չանտեսել գրականությունը, քանի որ  գրական գործերն են բացահայտում մարդու ներաշխարհի անհայտ անկյունները:  

-Դուք բավական երիտասարդ էիք սեփական բիզնեսը նախաձեռնելիս, ինչը մեծ համարձակություն էր պահանջում: Այսօրվա երիտասարդությունը կարո՞ղ է սեփական բիզնեսն ունենալ, գործարար կյանքով ապրել: 

-Ես 28 տարեկան էի, երբ սկսեցի բիզնեսով զբաղվել: Ես այդ ժամանակ կատարեցի իմ ընտրությունը, և չսխալվեցի, գուցե որովհետև հավատում էի իմ ուժերին և մեծ ցանկություն ունեի երկրիս համար արդյունավետ գործունեություն կատարելու:  Ամեն ինչ իր ժամանակն ունի, և ես կարելի է ասել կարողացա ժամանակի ալիքի հետ համահունչ շարժվել: Այդ տարիներին ավելի ծանր էր գործարարությամբ զբաղվելը, իսկ այսօր մեր երիտասարդները  լայն հնարավորություններ ու կապեր ունեն թե Հայաստանում, թե արտասահմանում, ուստի նրանք  պետք է ազնիվ ու նպատակասլաց լինեն, չկոտրվեն, հեռատես լինեն և օգտագործեն կյանքի ընձեռած  հնարավորությունները:

-Իսկ դուք որքանո՞վ եք պատրաստակամ օժանդակելու երիտասարդներին: 

-Նախ եւ առաջ` մեր կազմակերպությունը` «Նուշիկյան» ասոցիացիան իմ ղեկավարությամբ ստեղծում է աշխատատեղեր. Մեզ մոտ շատ երիտասարդներ են աշխատում: Ես մշտապես եղել եմ ու կլինեմ երիտասարդների կողքին, կաջակցեմ նրանց: Պետք չէ մոռանալ, որ մեր վաղվա օրը երիտասարդներն են կերտում: Մարդիկ իրենց ապագան անցած ուղով են կերտում, ուստի դա նկատի ունենալով` երիտասարդները այսօր պետք է ապրեն` պահպանելով մարդկային` բարոյական նորմերը:  

-Իսկ ի՞նչ  գնահատական է տալիս ինքն իրեն Գարեգին Նուշիկյանը:

-Ես չեմ սիրում ինքս ինձ գնահատականներ տալ, կարող եմ միայն ասել, որ գոհ եմ իմ անցած ուղուց և ներքուստ հանգիստ եմ, քանի որ միշտ ապրել եմ բարոյական նորմերը չխախտելով, ինչը կարծում եմ շատ կարևոր է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում