Վարչապետ. «Երկրի պաշտպանության ուժեղացումն այն հիմնական երաշխիքն է, որ պատերազմ չի լինի»

«ՌԴ նախաձեռնության շնորհիվ արդեն ձևավորվել է բանակցային գործընթացի հարթակ: Այժմ անհրաժեշտ է համաձայնության գալ այդ համաձայնագրի իրականացման մանրամասների շուրջ: Այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք»: «Haynews.am»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է ռուսական «Գազետա» թերթի լրագրողի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան կատարած այցի ընթացքում եղել են նոր առաջարկներ, որոնք կօգնեն կողմերին մերձեցնել դիրքորոշումները:

Մեկնաբանելով այն հարցը, թե վերջին շրջանում փորձագետները հաճախ են խոսում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականության մասին, վարչապետը նկատել է, որ 1994 թվականից ի վեր, ինչ կնքվել է հրադադարի ռեժիմը, նման կանխատեսումները շատ են եղել:

«Եթե ցանկանում ես ապրել խաղաղության մեջ, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի: Այդ իսկ պատճառով մենք հաշվի ենք առնում այդ ռիսկերը և ուժեղացնում ենք մեր երկրի պաշտպանությունը: Սա է հիմնական երաշխիքը, որ պատերազմ չի լինի»,- շեշտել է Տ.Սարգսյանը:

Անդրադառնալով մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետն ասել է. «Հարցը նրանում է, թե ինչպես կանցնեն ընտրությունները և ինչպիսի արդյունքներ կգրանցվեն: Մենք հույս ունենք, որ մեր կուսակցությունը կկարողանա ամրապնդել իր դիրքերը և շարունակել զարգանալ այն ուղղով, որով Հայաստանը ուղղորդվում է վերջին տարիներին և՛ միջազգային համագործակցության, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում