Վարչապետը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես հաղորդում են Կառավարության մամլո ծառայությունից, Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և հայ-հնդկական բարեկամական համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ վարչապետն ու դեսպանն ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու ակնկալիքները.
«Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երևանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաև Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտը: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետև ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է և կարևոր»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Երևանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի և գործարար համաժողովի անցկացումը:
Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու գործում:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել Աչալ Կումար Մալհոտրային հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում