Քաղաքապետարանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի շաբաթօրյակին

Երևանի Քաղաքապետարանը կոչ է անում երևանցիների ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակին: Times.am-ը ներկայացնում է Քաղաքապետարանի տարածած հայտարարությունն ամբողջությամբ.
«Սիրելի Երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին և ընդհանրապես բոլոր երևանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին։ 
Այդ օրը մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։ 
Այդ նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրություններին, տարբեր կազմակերպությունների տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։ 
Սիրով ընդառաջելով Երևանի քաղաքապետի կոչին՝ մայրաքաղաքում իրենց գործունեությունն իրականացնող շինարարական կազմակերպություններն այդ օրը աղբի հավաքման և տեղափոխման նպատակով կտրամադրեն անհրաժեշտ  մեքենամեխանիզմներ։ 
Մաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի օրը կտնկվի շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տնկիներ կտրամադրվեն նաև համատիրություններին։ 
Ընդհանրապես, գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 34000 ծառ և թուփ, ինչը նախորդ տարվանից ավելի է 15000-ով։ 
Ծառատունկի համար Երևանի քաղաքապետարանը կտրամադրի մայրաքաղաքի բնակլիմայական և էկոհամակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ 
Ի դեպ, ծառատունկի համար արդեն իսկ նախատեսված են համապատասխան տարածքներ, ուստի քաղաքապետարանը կոչ է անում բոլորին՝ ձեռնպահ մնալ անկանոն ծառատունկ իրականացնելուց։ 
Սիրելի՛ հայրենակիցներ, 
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս կոչ է անում ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։ 
Համատեղ ուժերով մաքրենք, բարեկարգենք ու կանաչապատենք մեր քաղաքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում