«Ժառանգության» շտաբի ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության հետ

Ապրիլի 12-ին «Ժառանգության» շտաբի ներկայացուցիչները` ի դեմս ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի ու Արմեն Մարտիրոսյանի, ինչպեսեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից` Անուշ Սեդրակյանի ու Արմեն Առաքելյանի, Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելության հետ:

«Ժառանգության» մամլո ծառայության փոխանցմամբ՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը ներկայացրեց պատվիրակության կազմը` լեհաստանցի սենատոր Պյոտր Վախին, ԵԽԽՎ միջխորհրդարանական համագործակցության եւ ընտրությունների դիտարկման քարտուղար Բոգդան Թորչաթորիուին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:

«Լիահույս եմ, որ «Ժառանգության» եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության համագործակցությունը եւ նախնական միջանկյալ զեկույցների հրապարակումները կկանխեն առկա եւ հնարավոր կեղծիքները»,- նշեց Սաֆարյանը:

Հյուրերի խնդրանքով «Ժառանգության» շտաբի անդամներն անդրադարձան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ դրա ընթացքում դիտարկված մտահոգիչ դրսեւորումներին, մեծամասնական ու համամասնական ընտրակարգերում առկա խախտումներին, արծարծեցին ընտրացուցակներում ընտրողների թվի ուռճացմանը, արձանագրված բռնության, որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին, քաղաքական ենթատեքստով արվող բարեգործություններին եւ անձնագրերի հավաքագրմանն առնչվող խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում