Գ.Նուշիկյանն իր ընտրողներին կոչ է անում չմասնակցել առցանց քվեարկություններին՝ զերծ մնալով շահարկումներից

Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Գարեգին Նուշիկյանի նախընտրական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով Նուշիկյանի համակիրներին հորդորում է չմասնակցել թեկնածուի վերաբերյալ առցանց քվեարկություններին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հայտնում ենք մեր դիրքորոշումը hayeli.am կայքում տեղադրված քվեարկության արդյունքների վերաբերյալ: Ապրիլի 11-ից կայքում տեղադրվել էր ԱԺ ընտրություններին թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների օնլայն ընտրությունը, որը պետք է շարունակվեր մինչև ապրիլի 14-ը: Գարեգին Նուշիկյանի գրասենյակի ակիվիստները, շարունակական հետևելով օնլայն քվեարկության արդյունքներին, գրանցեցին հետևյալը. 12.05.2012-ին՝ 00:10-ի դրությամբ Գարեգին Նուշիկյանն ուներ 436 քվե, իսկ Սարիբեկ Սուքիասյանը՝ 344:
Մոտ 12 ժամ հետո՝ 13:44-ին Գարեգին Նուշիկյանը 1129 քվե ուներ, իսկ Սարիբեկ Սուքիասյանը՝ 701: 16:30-17:00-ի սահմաններում Սուքիասյանի քվեների թիվը մոտ 1700-ից կարճ ժամանակահատվածում հասավ 2000-ի, իսկ 18:16-ին հաշված րոպեների ընթացքում Սարիբեկ Սուքիասյանի ձայների թիվն աճեց` 2548- ից հասնելով 5160-ի, որից անմիջապես հետո կայքն արգելափակվեց մի քանի ժամով: Գարեգին Նուշիկյանի նախընտրական գրասենյակը տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում նման գործելակերպը և օնլայն քվեարկությունների նկատմամբ վերաբերմունքն ընդունելի չէ: Գարեգին Նուշիկյանը հորդորում է իր համակիրներին՝ այսուհետ չմասնակցել նմանաբնույթ քվեարկություններին՝ զերծ մնալով հետագա շահարկումներից»:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նուշիկյանին սատարում է ՀՀԿ-ն, Սարիբեկ Սուքիասյանին` ՀԱԿ-ը: Այս ընտրատարածքում ինքնառաջադրված է նաև Տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում