Կատարվել է «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» գեղաթերթիկի մարման արարողությունը
Նմանատիպ
Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցավ «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:
Ինչպես հաղորդում են «Հայփոստ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից, մարումն իրականացրին Վենետիկի և Երևանի քաղաքապետեր Ջորջիո Օրսոնին, Տարոն Մարգարյանը, ՀՀ տրասպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Մարված գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով: Գեղաթերթիկի կենտրոնում տեղադրված նամականիշի վրապատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմնադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է`Ուրբաթագիրքը, վերևի աջ անկյունում պատկերված է «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը:
2012թ.-ից Հայփոստը սկսում է նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված Հայ Գրատպության 500-ամյակին: 2007թ.-ից նույնատիպ թողարկման նամականիշերի վրա պատկերված է Տիգրան Մեծի դիմանկարը, սակայն այս տարվանից դրանք պատկերելու են հայկական այբուբենի տառերը: 2012 թ.-ի ընթացքում շրջանառության մեջ կդրվեն Այբ տառից Է տառը պատկերող 7 նամականիշեր: Մնացյալ տառերի պատկերներով նամականիշերը կթողարկվեն հաջորդող տարիներին:
Ի թիվս այլոց, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին:
Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշեր:
2012թ. կշարունակվի անցյալ տարի սկիզբ դրված մանկական ֆիլատելիայի թեման:
Այս տարի առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: Առաջին նամականիշով ծրարը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ընդհանուր առմամբ, 2012 թ.-ին նախատեսված է թողարկել 6 հատ փոստային բացիկ, 29 թեմա նամականիշ (55 հատ), 1 նամականիշով ծրար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում