Արցախցիները երթով շարժվում են դեպի ռուս խաղաղապահների անցակետ

Արցախցիները երթով շարժվում են դեպի ռուս խաղաղապահների անցակետ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնարկել է Արցախի բնակիչների բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան նախաձեռնողներից  Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

«Ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ  ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում