Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ միջազգային ամփոփ լրահոս

Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Էրդողան և Պուտին

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում, 2021թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Վ. Պուտինն ու Ռ. Էրդողանը պայմանավորվել են խորացնել տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցությունը։ Կողմերը նշել են հատկապես էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործկացության և Թուրքիայիում գազի տարածաշրջանային հաբ ստեղծելու հնարավորությունը։

Պուտին ու Էրդողանը խոսել են նաև ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև Սիրիայի հետ Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերություններ կարգավորելու թուրքական կողմի նախաձեռնության մասին։ Այս կոնտեքստում երկու երկրների ղեկավարները կարևորություն են տվել նաև Իրանի հետ Աստանայի ֆորմատով փոխգործակցությանը։

Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ Պուտինն ու Էրդողանը, ըստ հաղորդագրության, ոչինչ չեն խոսել։

Արեստովիչի հրաժարականը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ «Ես ուզում եմ ցույց տալ քաղաքակիրթ վարքի օրինակ. սկզբունքային սխալ՝ նշանակում է՝ հրաժարական եմ տալիս»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ Դնեպրում ռուսական հրթիռը բնակելի շենքի վրա է ընկել Ուկրաինայի ՀՕՊ գործողությունների հետևանքով։ Խոցված շենքում զոհվել է 40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ուկրաինայի ԶՈՒ պնդում են, որ իրենք X-22 տեսակի հրթիռների խոցման համար անհրաժեշտ զինատեսակներ չունեն և որ Ռուսաստանը նպատակաուղղված է հարվածել բնակելի շենքին։

ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ

Եթե Շվեդիան ցանկանում է ստանալ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հարցում, ապա պետք է կատարի Անկարայի հետ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Թուրք նախարարը հիշեցրել է Մադրիդում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի դրույթները։ «Այս փաստաթուղթը որոշակի պարտավորություններ է դնում կողմերի վրա, ուստի Անկարան իրավամբ ակնկալում է, որ Ստոկհոլմը կկատարի այդ խոստումները»,-ընդգծել է նախարարը։

Նա բացատրել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Անկարային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև վերացնել ռազմական ոլորտում սահմանափակումները։ Բացի այդ, Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային է փոխանցել ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ցուցակը, սակայն այդ անձինք դեռևս չեն փոխանցվել Անկարային։

Էրդողանի հանդիպումն Իրանի արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Սիրիայում։

Նշենք, որ այսօր նախատեսված էր նաև Աբդոլլահիանի հանդիպումը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, սակայն այն հետաձգվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում