Սերգեյ Լավրով․ Կարծում եմ մի քանի օրից Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի

Սերգեյ Լավրով․ Կարծում եմ մի քանի օրից Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի

Լաչինի միջանցքը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն  պետք է ազատ լինի երկկողմանի բեռնափոխադրումների և մարդկանց տեղաշարժի համար։

Այս մասին քիչ առաջ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակմանը։

«Կա հստակ փոխհամաձայնություն, որ այդ ճանապարհով ոչ մի ռազմական բեռ, տեխնիկա, ռազմամթերք չպետք է փոխադրվի։

Ադրբեջանական կողմը մեզ տվյալներ է հաղորդել, որ այս ճանապարհով հայկական կողմը ականներ է փոխադրել Լեռնային Ղարաբաղ, որոնք նախատեսված են եղել Ադրբեջանի հետ շփման գծի հատվածներում կիրառելու համար։  Այս տեղեկություններն այժմ ուսումնասիրվում են։

Մենք առաջարկել ենք պարզ բան․ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որը եռակողմ համաձայնությամբ տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, իրավասու է վերահսկել բոլոր տեսակի փոխադրումներն ու ուղևորահոսքը Լաչինի միջանցքով։ Այն կարող է ստուգել բոլոր բեռները, որպեսզի թույլ չտա ռազմական բնույթի փոխադրումները։

Երեկ կամ նախորդ օրը հանդիպում է եղել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև Ռուսական խաղաղապահ բրիգադի միջնորդությամբ, կարծում եմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս հարցը կկարգավորվի»,-ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում