Մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, պայքարը գնում է  սուբյեկտայնության համար․ Ռ․Վարդանյան

Մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, պայքարը գնում է  սուբյեկտայնության համար․ Ռ․Վարդանյան

«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝  այդ նպատակին հասնելու համար»։

Այս մասին այսօր հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրված ընդլայնված նիստի ժամանակ։

Վարդանյանն անդրադարձել է երեկ երեկոյան կատարված միջադեպին, երբ ադրբեջանցիները ներխուժել են մեքենա ու վախեցրել Արցախ ուղևորվող հայ երեխաներին․

«Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել   խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս  պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է  սուբյեկտայնության համար։ Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյան։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց  բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով  նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում