Լաչինի միջանցքի և ԼՂ ներքին կյանքի հարցերում Հայաստանը գործառույթներ չունի․ ՀՀ արտգործնախարար

Լաչինի միջանցքի և ԼՂ ներքին կյանքի հարցերում Հայաստանը գործառույթներ չունի․ ՀՀ արտգործնախարար

Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի  հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:

Այս մասին հայտարարել է ՀՀ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցերին։

Միրզոյանը նաև նշել է, որ  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի, և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա:

Պատասխանելով ադրբեջանական կողմի պնդումներին, թե իբր Հայաստանից Լաչինի միջանցքով ականներ են տեղափոխվել Արցախ՝ ՀՀ արտգործնախարարն ասե է․

«Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:

Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում