ԱՄՆ-ը պահանջում է Ալիևից բացել Լաչինի միջանցքը․ միջազգային ամփոփ լրահոս

ԱՄՆ-ը պահանջում է Ալիևից բացել Լաչինի միջանցքը․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Բլինքենի պահանջն Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թվիթերի իր էջում ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ զրույցի ընթացքում կոչ է արել Ալիևին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«Ես նախագահ Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի առևտրային երթևեկությունը։ Դրա՝  արգելափակված մնալու ամեն օրը բերում է հումանիտար ճգնաժամի վտանգի և խաթարում խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին», – գրել է պետքարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

ԵՄ-Իրան հարաբերություններում նոր դժվարություններ են առաջացել

ԵՄ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:

Այդ մասին զեկուցվել է ԵՄ-ում Շվեդիայի նախագահության Twitter-ի էջում: «Արտաքին գործերի նախարարության ղեկավարների այսօրվա նիստում նախարարները Իրանի դեմ ընդունեցին պատժամիջոցների նոր փաթեթ», – ասվում է նախօրեին հրապարակվածե զեկույցում

Դիվանագիտական կրքեր ուկրաինական ճգնաժամի հարցում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայի հակամարտության համար։ «Հաջորդ շաբաթները՝ 2 կամ 3, որոշիչ են հակամարտության և խաղաղության համար: Այն, ինչ տեղի կունենա 2023 թվականին, և շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան»,-ասել է Միշելը: Վերջինս նաև հորդորել է շարունակել աջակցել Ուկրաինային և անհրաժեշտ չափով օգնություն տրամադրել այդ երկրին։

Նախօրեին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ: Զենքի մատակարարման համար այդ միջոցները հատկացվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվից։ Բացի այդ, հաղորդվում է, որ նախարարները պայմանավորվել են այս հիմնադրամից 45 մլն․ եվրո հատկացնել Կիևին՝ ԵՄ ուսումնական առաքելությունում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար։

Իսկ ահա ԱՄՆ-ից տեղեկացնում են, որ հնարավոր է շուտով Գերմանիան փոխի Ուկրաինային տանկեր մատակարարելու մասին իր որոշումը։ «Իմ տպավորությունն այն է, որ նորությունների վերնագրերը կարդալուց հետո մենք կարող ենք ավելին լսել մեր գերմանացի դաշնակիցներից առաջիկա ժամերին կամ օրերին», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել իր Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ:

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Ալմա-Աթայում

2023 թ. փետրվարի 2-3-ին, Ալմա-Աթա քաղաքում տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը և «Digital Almaty. Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» միջոցառումը: Այս մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Նիստին կմասնակցեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ղեկավարները, ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում