Ա.Գյուլ. «Հայաստանի հրավերի նշանակությունն իսկապես շատ մեծ էր»

Չիկագո կատարած իր այցի շրջանակներում՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների հետ: Ինչպես գրում է «Turkishpress.com» կայքը, Գյուլը ելույթ է ունեցել Ստենֆորդի համալսարանում:
Իր խոսքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և խոսել է նաև Հայաստան կատարած իր այցելությունից: Ա.Գյուլը նշել է, որլավ առաջնորդը պետք է կարողանա երբեմն ռիսկի գնալ և որ ինքը նույնպես այդ քայլին դիմել է՝ օրինակ բերելով Հայաստանի իր այցը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականին հրավիրել էր իր թուրք գործընկերոջը Երևան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը:
«Վերջին 20 տարիների ընթացքում մենք գրեթե դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ: Այդ հրավերի նշանակությունն իսկապես շատ մեծ էր ընդհանուր պատմության շուրջ միմյանց հետ հակասություններ ունեցող երկու հարևանների համար»,- ասել է Գյուլը:
Ըստ թուրք նախագահի՝ ներքին քաղաքականության համար դա ռիսկային քայլ էր, և այն կարող էր խնդրահարույց հարցեր առաջացնել նաև արտաքին քաղաքականության մեջ. «Երևան կատարած  իմ այցը Թուրքիայի նախագահի այցն էր Հայաստան: Դա մի նշան էր, որ մենք պատրաստակամ ենք գոնե փոքր-ինչ կարգավորել հարաբերությունները երկու ժողովուրդների միջև: Ես դեռ հույս ունեմ: Մեր փոխայցելությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված խորհրդանիշ են դարձել: Անգամ եթե դա ռիսկային քայլ էր, սակայն ճիշտ էր»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում