Զելենսկու եվրոպական տուրնեն
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է եվրոպական մի քանի երկրների մայրաքաղաքներ, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարների հետ։
Բոլոր հանդիպումների օրակարգի հիմնական խնդիրը Արևմուտքից ռազմական և ֆինանսական աջակցություն ստանալան է։
Եվրոպական տուրնեն Զելենսկին սկսել է Լոնդոնից։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա հանդիպել է վարչապետ Ռիշի Սունակին։ Վերջինիս հետ Զելենսկին քննարկել է Ուկրաինային հեռահար զենքեր մատակարարելու հարցը և, ըստ հայտարարությունների, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ։
«Ուկրաինան կունենա նույնիսկ ավելի մեծ հեռահարության զենք, քան անհրաժեշտ է ռազմական գործողությունների այս փուլում: Սա ևս մեկ շատ արդյունավետ խոսակցություն էր այսօր»,- Զելենսկու հետ հանդիպելուց հետո ասել է Սունակը:
Ուկրաինայում Զելենսկին հանդիպել է նաև խորհրդարանի պատգամավորների ու Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։
Նույն օրը երեկոյան Ուկրաինայի նախագահը մեկնել է Փարիզ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փետրվարի 9-ի գիշերը նրանց է միացել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Փարիզ է ժամանել հատուկ Զելենսկու հետ հանդիպելու նպատակով։
Երեք երկրների ղեկավարները մինչև ուշ գիշեր քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր՝ նշելով, որ Եվրոպան պետք է այնքան աջակցի Ուկրաինային, որքան դա անհրաժեշտ է Ռուսաստանին հաղթելու համար։
Իսկ ահա այսօր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Եվրախորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում հաղթանակ տանելուց հետո Ուկրաինան կմիանա Եվրամիությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում