Պատերազմի 1 տարի․ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային․The Guardian

Պատերազմի 1 տարի․ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային․The Guardian

Բրիտանական The Guardian-ը Ուկրաինական պատերազմի 1 տարվա լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որում  կատարել է որոշակի կանխատեսումներ պատերազմի հետագա ընթացքի և Արևմուտքի անելիքների վերաբերյալ․

«Պատերազմի մեկնարկից ի վեր Արևմուտքը Ուկրաինային այնպիսի օգնություն է ցուցաբերել, ինչպիսին Վլադիմիր Պուտինը, և գուցե հենց հավաքական Արևմուտքը չէին կարող կանխատեսել։ Արևմուտքը եղել է Ուկրաինայի փաստաբանը, նրա ապաստանը, զինանոցը և բանկիրը, եթե ոչ նրա լիարժեք ռազմական դաշնակիցը:

Բայց ավելի մեծ փորձություն է սպասվում․ Արևմուտքը պիտի որոշի, թե ինչպիսի ընկեր է ուզում լինել խոցելի, կիավեր մի երկրի համար, որտեղ ռազմական գործողությունները հիմնականում դադարել են, սակայն պատերազմը ոչ մի տեղ չի անհետացել, և ամենայն հավանականությամբ երբեք չի ավարտվի։

Թերևս մեկ տարի անց, եթե ոչ ավելի շուտ, Արևմուտքը` հյուսիսամերիկյան և եվրոպական հարուստ ժողովրդավարությունների այդ անորոշ անսամբլը, որն ինչ-որ կերպ ներառում է նաև Ավստրալիան և Ճապոնիան, ստիպված կլինի պատասխանել մի հարցի, որից մշտապես խուսափել է. որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Արևմուտքը Ուկրաինայի պաշտպանության հարցում երկարաժամկետ հեռանկարում։  

Ուկրաինացի փախստականները Բեռլինի գլխավոր կայարանում հեռախոսի անվճար քարտ ստանալու հերթի մեջ

Ռուսական տեսակետում պարզություն կա․ նրանք հստակ են այն հարցում, որ տեսնում են Ուկրաինան բացառապես ռուսական ազդեցության սահմաններում։  Բայց ի՞նչ է մտածում Արևմուտքը Ուկրաինայի ապագայի մասին: Եթե մենք արևմուտքում լավ տղաներ ենք, ապա որտե՞ղ է պարզությունը մեր կարողությունների վերաբերյալ: Խնդիրն այսօր զինամթերքը չէ,ոչ էլ Ուկրաինայի վաղվա վերակառուցումն է, հարցն այն է՝ արդյոք մենք կարող ենք և ունենք կամք հաջորդ տասնամյակներում լինելու Ուկրաինայի իրավունքների երաշխավորը։  

Պատերազմը դեռ կշարունակվի. Տասնյակ հազարավոր նոր զինվորների զոհաբերությամբ և իր մաշված, բայց դեռևս մեծ ռազմական արսենալով Ռուսաստանը կփորձի պահել Ուկրաինայի այն հատվածները, որոնք գրավել է և վերցնել հարավ-արևելյան մնացած չորս շրջանները: Ուկրաինան կփորձի սեպ խրել Ղրիմում և Դոնբասում ռուսական ուժերի միջև՝ որպես նրանց երկրից դուրս մղելու նախերգանք: Ոչ մի ջանք, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ամբողջությամբ: Գալիք մեկ-երկու տարվա մեջ ինչ-որ պահի ռուսական հարձակման ամենադաժան, ավերիչ փուլը կվերջանա՝ առանց Պուտինի նպատակներին մոտենալու, մյուս կողմից էլ Ուկրաինային չի հաջողվի ռուս զինվորներին դուրս մղել իր տարածքից։ 

Սա կարող է հանգեցնել զինադադարի, որն այնուհետ կարող է հանգեցնել խաղաղության բանակցությունների։ Զելենսկու պնդումը, որ ռուսական ուժերը պետք է լքեն ուկրաինական տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, այդ թվում՝ Սևաստոպոլում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազան, կարող է ընդմիշտ հնչել առանց իրագործման, ինչպես նաև Պուտինի պնդումը, որ Ուկրաինան պետք է դուրս մղվի Խերսոնից և Զապորոժժիեից:

Այնուամենայնիվ, երկու կողմերի միջև կա կրիտիկական տարբերություն, և դա պարզապես այն չէ, որ ուկրաինական դիրքորոշումն արդարացի է, իսկ ռուսական դիրքորոշումը՝ հանցավոր: Ուկրաինան մերժում է Ռուսաստանի ներխուժումը, բայց չի մերժում Ռուսաստանի գոյությունը, մինչդեռ Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի՝ որպես սուվերեն երկրի գաղափարը։ Զելենսկին չի վստահում Պուտինին, բայց կասկածի տակ չի դնում, որ նա իր ազգի օրինական առաջնորդն է, մինչդեռ Պուտինն իր ուկրաինացի գործընկերոջը հավասարը չի տեսնում՝ ուկրաինական ղեկավարությանը վերաբերվելով այնպես, ասես նա իշխանության է եկել անօրինական ճանապարհով և ամբողջովին ենթարկվում է ԱՄՆ-ին։

Եթե պատերազմի սկզբում Արևմուտքը կարողանար հասկացնել Ռուսաստանին, որ Մոսկվան չպիտի 2014թ-ի սահմաններից առաջ գա, ապա շատ ավելի արագ հնարավոր կլիներ առարկայական բանակցություններ սկսել, սակայն Արևմուտքը չկարողացավ ճիշտ հասկանալ Պուտինի ուղերձները։

Անկախ նրանից, թե Ռուսաստանը ինչ տարածքներ կզավթի, դա նրան թույլ է տալիս քաղաքական ազդեցություն ունենալ ամբողջ Ուկրաինայի վրա՝ դարձնելով այն վասալ պետություն, ինչպիսին Բելառուսն է։

Եթե Արևմուտքը ցանկանում է հավատալ Ուկրաինային և խրախուսել նրան ընդունել տարածքների ցանկացած կորուստ, և հիմքեր ստեղծի մի հեռավոր օր Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար, նա պետք է պատրաստ լինի Ուկրաինային ընդունել իր տանիքի տակ: Դա շատ դժվար կլինի, քանի որ սա կենթադրի խաղաղապահ զորքերի կամ օդուժի ռազմական տարր, որը կբարկացնի Պուտինին, և կբարդացնի ԵՄ-ի հետ առևտրի պայմանները, որոնք քաղաքականապես ծանր կլինեն Եվրոպայի համար: Դա թանկ է լինելու, լինելու է անժամկետ և ենթարկվելու է մշտական ու կատաղի քաղաքական հարձակման ինչպես արևմուտքից, այնպես էլ դրսից։ Դա կլինի Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ապագա քաղաքականության պատանդը։ Մեկ տարի առաջ աշխարհը կասկածում էր, որ Ուկրաինան կգոյատևի․ հիմա ժամանակն է պլանավորելու, թե ինչպես օգնել նրան ապրել և զարգանալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում