Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների աննախադեպ ճնշման ներքո։
Lenta.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է երկրներին, որոնք դիտարկվում են որպես Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցներ՝ առանձնահատուկ շեշտելով Բելառուսի մասին՝ որպես Միութենական պետության մաս։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև հիշատակել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետություններին՝ որպես Ռուսաստանի դաշնակիցների։ Հիշեցնենք, որ Հայաստանը ևս մաս է կազմում այս կազմակերպություններին։
«Որպես երկարաժամկետ դաշնակիցներ՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք Բելառուսը Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները։ Միաժամանակ մենք քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցների ու պետությունների կողմից մեր ռազմավարական գործընկերների վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին», -ասել է Գալուզինը։