ԱՄՆ Պետքարտուղարը լուրջ հարցեր ունի տալու Ադրբեջանի ղեկավարին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հարևան երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Այդ թվում` Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, երեկվա ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև բարելավված հարաբերություններ, քանի որ դա արդյունավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար: Մենք, իրոք, աջակցում ենք հայ-թուրքական արձանագրությունների` առանց որևէ նախապայմանների ստորագրմանը: Ողջունում ենք Հայաստանին և անձամբ պարոն նախագահին, որ այս հարցում բավականին ջանքեր է գործադրել»,- մասնավորապես հայտարարել է Հիլարի Քլինթոնը:

Եվս մեկ անգամ կրկնելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունն առանց որևէ նախապայմանի` Հ.Քլինթոնը հիշեցրեց այն, ինչ ասել էր դեռևս երկու տարի առաջ Երևանում.

«Գնդակը դեռ Թուրքիայի դաշտում է, Հայաստանն իր գործն արել է: Ես ուրախ եմ տեսնելու, որ թե Թուրքիայում և թե Հայաստանում հասարակության մեջ շատ են քննարկումները, ինչը կարևոր է երկու կողմերին էլ առաջ շարժվելու համար»,-հավելեց իր խոսքը պետքարտուղարը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին` Հ.Քլինթոնն ընդգծեց, որ չկա կապ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու ԼՂ հակամարտության կարգավորման միջև.

«Մի հարցի կարգավորումը չպետք է կապվի կամ նախապայման լինի մյուսի համար »,- հայտարարեց նա ու ավելացրեց, որ տարածաշրջանային այս երկու կարևոր հարցերում էլ ԱՄՆ-ն եղել է և կմնա ակտիվորեն ներգրավված, քանի որ.

«Մենք հավատացած ենք, որ այս երկրները պետք է բաց սահմաններ ունենան, իրար հետ առևտուր անեն, մարդիկ պետք է հատեն սահմանները, որովհետև երկու կողմերի համար էլ դա կարևոր է: Եվ այսօրվա իմ այցի նպատակներից մեկը շարունակելն է աշխատել այս երկու շատ կարևոր, բայց միմյանցից չկախված ու միմյանցից անջատ հարցերի վրա»:

ԱՄՆ Պետքարտուղարն անդրադարձել է նաև հունիսի 4-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեության արդյուքներին, որի հետևանքով զոհվել են 3, վիրավորվել 6 հայ զինծառայողներ:«Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի…Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի», -հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարը:
Հ.Քլինթոնը, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են այս ամենով, ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ որոշ կոնկրետ գաղափարներ է քննարկել:

«Ես նախագահին հստակորեն ասացի, որ ԱՄՆ-ն հավատացած է, որ խաղաղ գործընթացը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք մեր ջանքերը հետագայում. կհանդիպեն մեր արտգործնախարարները, մենք նոր գաղափարներ ենք առաջարկելու, որովհետև հավատացած ենք, որ բոլորի շահերից է բխում խուսափել ուժի կամ սպառնալիքի կիրառումից»,- ընդգծել է տիկին Քլինթոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում