Ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը

Ադրբեջանցի զինծառայողի մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: NEWS.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից:

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին էդ ոստիկանները»,- պատմել է Գոռը:

Գոռ Օհանջանյանը նկարագրել է, թե ինչ վիճակում են հայտնաբերել ադրբեջանցուն.

«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային, մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»:

Նշենք, որ նախօրեին սպանված է հայտնաբերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդը։ Գործով իրավապահները, NEWS.am-ի տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում