Վրաստանի բնակչությունը 2022թ-ին աճել է․ վիճակագրություն

Վրաստանի բնակչությունը 2022թ-ին աճել է․ վիճակագրություն

Վրաստանի բնակչության թվաքանակը 2023 թ. հունվարի 1-ի տվյալներով կազմել է 3 միլիոն 736,4 հազար մարդ, ինչը 1,3 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Նման տեղեկություն է հրապարակել «Սաքստատ» («Գրուզստատ») ազգային վիճակագրական ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

2023 թ. հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60,4 %-ը բնակվում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։

Ինչ վերաբերում է բնակչության տարիքին, ապա 0-14 տարեկան բնակչության բաժինը բնակչության ընդհանուր թվում կազմում է 20,7 %, աշխատունակ բնակչության բաժինը (15-64 տարեկանների խումբ)` 63,8 %, իսկ 65-ից բարձր տարիքի բնակչության բաժինը` 15,6 %։

Տղամարդկանց թիվը 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիոն 793,8 հազար մարդ, իսկ կանանց թիվը՝ 1 միլիոն 942,5 հազար մարդ։ Այսպես, Վրաստանի բնակչության 48 %-ը տղամարդիկ են, իսկ 52 %-ը՝ կանայք։

Սեռերի հարաբերակցությունը կազմում է 92, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 92 տղամարդ։

Հարկ է նշել, որ մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35-ից հետո հակառակ պատկերն է դիտվում, ինչը կապված է տղամարդկանց համեմատությամբ կանանց կյանքի ավելի երկար տևողության հետ։

Նախորդ տարվա համեմատությամբ կյանքի տևողությունը 2022 թ.-ին աճել է 2,3 միավորով և կազմել 73,7 տարի։ Տղամարդիկ ապրում են միջին հաշվով 69,4, կանայք՝ 78,1 տարի։

Վրաստանի բնակչության միջին տարիքը 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 38 տարեկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում