Երեկ հայոց եկեղեցին տոնախմբել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հայտնում են Մայր Աթոռի մամլո գրասենյակից:

Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդրադառնալով տոնի կարևորությանը յուրաքանչյուր հայի համար՝ Սրբազանն ասաց.

«Հայ ժողովուրդը հաստատված ու արմատացած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի և Սուրբ Էջմիածնի վրա: Հայ մարդը, որ միշտ սիրել է արարել ու ստեղծագործել, անհնարինը գործել դժվարին պայմանների մեջ, երբ հեռու է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գրիգոր Լուսավորչի օրհնությունից, նա չի կարող գոյատևել: Չնայած որ հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծագերում ունի բազում տաճարներ, բազում սրբատեղիներ ու աղոթարաններ, սակայն ունի մեկ Սուրբ Էջմիածին, որտեղ Աստված իջավ, որտեղ հաստատեց հայոց Հայրապետական Աթոռը և որտեղից դարեր շարունակ օրհնություն է բաշխվում համայն հայությանն ամբողջ աշխարհում»:

Ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին, Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:

«…Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն է՝ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», – պատգամեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:

Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում