Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում ծխելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներից տարեկան մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ մահվան գլոբալ պատճառների մեջ 50 տոկոսը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին և նորագոյացություններին, իսկ ծխախոտը հանդիսանում է այս խմբի հիվանդությունների ամենաառաջնային պատճառներից մեկը։

Ընդհանուր առմամբ ծխող մարդկանց մոտ կեսը վաղ թե ուշ մահանում է ծխելու հետևանքներից։ Սա նշանակում է, որ մշտապես ծխող մարդկանց անժամանակ մահվան ռիսկերը աճում են 50 տոկոսով։

Տղամարդիկ ծխում են անհամեմատ ավելի շատ քան կանայք։ Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում ծխող է համարվում յուրաքանչյուր 4 չափահաս մարդուց 1-ը։ Ծխող է 3 տղամարդուց 1-ը և 10 կնոջից 1-ը։

Հայաստանում ծխող է տղամարդկանց մոտ 53 տոկոսը, ինչը միջազգային ցուցանիշից էապես ավելի բարձր է։ Մեր երկրում տարեկան ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 5500 մարդ։

Չնայած ծխելու դեմ տարվող քաղաքականությանը (ծխախոտի թանկացում, անչափահասներին վաճառքի արգելք, գովազդի արգելում և այլն), վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծխողների թիվը շարունակում է աճել, իսկ սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդությունները շարունակում են լինել Հայաստանում մահացության գլխավոր պատճառը, որոնց դեպքերն ավելանում են տարեց տարի։

2023թ-ին հրապարակված Հայաստանի խոշոր 1000 հարկ վճարողների առաջին տասնյակում ընդգրկված է 3 ծխախոտ արտադրող և ներմուծող կազմակերպություն, ինչը լավագույն ապացույցն է այն բանի, որ ծխելը վտանգավոր սպառնալիք է դարձել Հայաստանի բնակչության համար։ 

Մայիսի 31-ը նշվում է որպես «Առանց ծխախոտի» շարժման միջազգային օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում