Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք գերաստղեր հայտարարեցին տեղափոխությունների, իրենց կարիերայում նոր էջ սկսելու և կամ առհասարակ ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին։

Նոր ակումբ տեղափոխվելն ու թոշակի անցնելը նորմալ երևույթներ են այս սպորտաձևում, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր դարակազմիկ նշանակություն են ունեցել իրենց թիմերի համար, ում ներդրումն ակումբների նվաճումներում և համաշխարհային ֆուտբոլում անգնահատելի է։

Զլատան Իբրահիմովիչ

Դժվար է գտնել մարդու, ով գոնե մեկ անգամ չի լսել այս անունը։ 1999թ-ին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսած հակասական վարքագծով Զլատանը անջնջելի հետք է թողել ֆուտբոլասեր մարդկանց հոգիներում և սրտերում։

Խարիզմատիկ, գոռոզ, բայց համակրանք առաջացնող Իբրահիմովիչն իր կարիերայի ընթացքում հասցրել է դառնալ 21-րդ դարում 3-րդ լավագույն ռմբարկուն։ Նրանից ավելի շատ գոլեր հեղինակել են միայն Մեսսին և Ռոնալդուն։

41-ամյա Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նրա վերջին ակումբը իտալական Միլանն էր։ Իր խելահեղ կարիերայի ընթացքում շվեդ ֆուտբոլիստը նվաճել է 31 տիտղոս։

Կարիմ Բենզեմա

Ֆրանսիացի Կարիմ Բենզեման միացավ Մադրիդի «Ռեալին» 2009թ-ին, երբ ընդամենը 21 տարեկան էր։ Համեստ, աշխատասեր, տաղանդավոր ու նպատակասլաց Բենզեման ընդամենը 14 տարում կարողացավ դառնալ Արքայական ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը․ նա հեղինակեց 353 գոլ՝ ռմբարկուների ցուցակում զիջելով միայն Կրիշտիանու Ռոնալդուին։ Բենզեման օգնեց Մադրիդյան ակումբին հաղթել 25 տիտղոս, որոնց թվում 5 Չեմպիոնների լիգայի գավաթ։ Ռեալում նրա ներդրումը գնահատվեց Ոսկե գնդակի հանձնման վերջին արարողության ժամանակ, երբ Բենզեման արժանիորեն ճանաչվեց մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։

Այս փառահեղ ճանապարհն անցնելուց հետո Բենզեման հայտարարեց Արքայական ակումբից հեռանալու մասին։ Օրեր առաջ Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Իթիհադ»-ի հետ:

Լուկա Մոդրիչ

Վերջին տասնամյակում Մոդրիչը եվրոպական ֆուտբոլում Մադրիդի «Ռեալի» դոմինանտության գլխավոր կերտողներից էր․ կիսապաշտպանության գծում Լուկան երկար տարիներ համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ 2018թ-ին արժանիորեն ստացել է Ոսկե գնդակ մրցանակը այն բանից հետո, երբ իր ազգային հավաքականին առաջնորդեց դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Լուկա Մոդրիչ և Մադրիդի «Ռեալ» անունները դժվար է պատկերացնել իրարից անջատ։ Այդուհանդերձ, խորվաթ ֆուտբոլիստը հայտարարել է Արքայական ակումբից հեռանալու մասին։

Մոդրիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այդ երկրի ակումբներից մեկը Մոդրիչի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, որով նա կստանա 120 միլիոն եվրո։

Լիոնել Մեսսի

Միլիոնավոր մարդկանց կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այլևս չի խաղա Եվրոպական գրանդ ակումբներում։ Դժվար է հավատալ, որ ֆուտբոլային թոփ մրցաշարերում այլևս երբեք չի հնչելու Մեսսիի անունը։

Այս սպորտաձևում հնարավոր բոլոր թիմային ու անհատական մրցանակներն ու տիտղոսները նվաճած արգենտինացին որոշել է հեռանալ ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենից ու կարիերան շարունակել ԱՄՆ-ում՝ «Ինտեր Մայամիում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում