Մինչև ե՞րբ կշարունակվի Երևանի «ասֆալտապատումը»

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին մայրաքաղաքի փողոցներում կարելի է կոչել ցանկացած բառով, բայց ոչ երբեք ասֆալտապատում: Շուտով կլրանա երրորդ ամիսը, ինչ Երևանի տարբեր անկյուններում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ: Բայց, դատելով բանվորների աշխատանքների տեմպերից, այս խայտառակությունը կարող է տևել մինչև ուշ աշուն: Շինարարական աշխատանքների ձգձգման կապակցությամբ Երևանի Հ. Քոչար փողոցի շարունակությունը հանդիսացող Նաիրի Զարյան փողոցի աշխատող բանվորներից մեկը Times.am-ի լրագրողին կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե «ասֆալտի տակը սաղ ջուրա, սպասում ենք աշնան անձրևն էլ գա, որ «պոլնի կոմպլեկտ» ճանապարհ հանձնենք»: Մայրաքաղաքի այս հատվածում ասֆալտապատման աշխատանքներն իրացվում են երկու ամսից ավել, ինչը առաջացրել է թե բնակիչների և թե այդ փողոցում գտնվող տարբեր կոմերցիոն օբյեկտների աշխատակիցների դժգոհությունը: Նրանց խոսքերի համաձայն, փողոցի աղմուկն ու փոշին անտանելի են դարձել, իսկ առևտուրը՝ դադարել: Սակայն այս ամենըկարելի կլիներ ներել, եթե արդյունքում ավելի լավ ճանապարհներ ունենայինք: Ցավոք, նոր փռված ասֆալտը գրեթե չի քողարկել նախկին ճանապարհի թերությունները: Նույն խորթուբորդություններն ու նույն փոսերը շարունակում են գեղեցկացնել Նաիրի Զարյանի անվան փողոցը:

Նշենք, որ նույն վիճակն է տիրում նաև Նորքի զանգվածները մայրաքաղաքի կենտրոնական հատվածին միացնող Գայի պողոտայում: Այստեղ ամեն ինչ գտնվում է նույնքան անմխիթար իրավիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում