Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս տարբեր մրցաշարերում

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը վերջին նորություններն է տեղեկացնում հայ շախմատիստների հաջողություններից տարբեր մրցաշարերում:

Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) հրաշալի հանդես եկան Վորոնեժում ավարտված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ գրավեցին համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեցին եւս երեք մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստներին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա առաջատարից’ գրոսմայստեր Վլադիմիր Սերգեեւից (Ուկրաինա), ետ է մնում մեկ միավորով:

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Առաջատարից կես միավոր պակաս ունի գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը (Հայաստան) վաստակել են 4,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում