Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում (հասցեն’ Մուրացան 114) Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Օգնության Ֆոնդը «Լուսանկարչական արվեստը բուժհաստատություններում» հիմնադրամի հետ համատեղ 20 լուսանկար կնվիրի բուժհաստատությանը:
Դրանք տարբեր լուսանկարիչների կողմից արված աշխատանքներ են, որոնք կոչված են վերականգնելու հիվանդների հոգու հավասարակռությունը և մեղմելու նրանց ցավերը:
ՀՕՖ-ից տեղեկացնում են, որ այս նախաձեռնությունը պատկանում է չիկագոյաբնակ մեր հայրենակցուհի Քրիստին Մխիթարյանին, ով ԱՄՆ-ում հայտնի անուն է ինտերիեր դիզայնի և արվեստաբուժության ոլորտում:
ՀՕՖ-ում կարծում են, որ իրենք նման նախաձեռնություն իրականացնող առաջին կազմակերպությունն են Հայաստանում: Բուժհաստատության աշխատակիցների կողմից դրական արձագանքի դեպքում Քրիստին Մխիթարյանն ու ՀՕՖ–ը կշարունակեն համագործակցությունը և լուսանկարներ կտարամադրեն Երևանի, ինչպես նաև ՀՀ մարզերի այլ հիվանդանոցների։
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ), որ ստեղծվել է 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Ջավախքում ու Լեռնային Ղարաբաղում: Տրամադրվող օգնության գումարային արժեքն արդեն հատել է 300մլն. դոլարի սահմանը: