Լեյլա Յունուսը բանտում գլխուղեղի արյան զեղում է ստացել

Ադրբեջանցի իրավապաշտպան, Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը բանտում ծեծի ենթարկվելու արդյունքում գլխում արյան զեղում է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է իր պաշտպանյալին մեկուսարանում հանդիպած իրավաբան Էլչին Գամբարովը:

«Նա ուժեղ ցավեր ունի գլխում, դժվարությամբ է կարողանում խոսել, երկարատև դադարներ է ունենում և մասամբ կորցնում հիշողությունը: Յունուսն ասել է, որ մայոր Յագուբովը երկու անգամ ուժգնորեն հարվածել է նրա գլխին: Դրանից հետո նա շատ բաներ չի հիշում, իսկ գլխացավերն ավելի են ուժեղանում»,- հայտնել է Գամբարովը` նշելով, որ իր պաշտպանյալի մոտ ամենայն հավանականության արյան զեղում է: Իրավաբանը նախազգուշացրել է նաև, որ Լեյլա Յունուսը վերջրես վիրահատել էր երկու աչքը և գլխին ուժեղ հարվածների դեպքում կարող է կուրանալ:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆը, մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Միջազգային հանրությունը 2014 թվականի ամռանը ձերբակալված Լեյլային և Արիֆին հայտարարել է քաղբանտարկյալներ: Շատ միջազգային կազմակերպություններ կարծում են, որ նրանց ձերբակալության պատճառն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հոդվածի հրապարակումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում