Սևանում կկազմակերպվեն ևս 5 հանրային լողափեր

Հուլիսի 5-ից ուժի մեջ է մտել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին ՀՀ կառավարության հունիսի 7-ի որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում 5 հանրային լողափեր կազմակերպելու նպատակով տրամադրվում են հողամասեր: Մասնավորապես’ Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից՝ 5.5 հեկտար (որից’ 1.25 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր), Դրախտիկ համայնքին հարակից տարածքից՝ 5.0 (որից’ 2.7 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր), Լճաշեն համայնքին հարակից տարածքից՝ 1.37 (ամբողջ հողատարածքը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ներքև), Ծովազարդ համայնքին հարակից տարածքից՝ 3.3 (որից’ 0.77 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր), Նորատուս համայնքին հարակից տարածքից՝ 0.78 հեկտար (հողատարածքն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր):

Լրացուցիչ 5 հանրային լողափեր կազմակերպելու անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում