Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա ասել է, որ միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքն արգելափակելու առաջին օրվանից՝ նախորդ տարվա դեկտեմբերից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել հիվանդների և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։

«Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,-նշել է Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հավելել է, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի է սրվել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ լինում են էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ, որը ստիպել է հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

Կիրակոսյանի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն և հուսով են, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև շուրջ երկու ամիս է անցել իրենց ներկայացրած պահանջից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում