Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող Սինգապուրի դրոշով բեռնատար նավի վրա․ WSJ

Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող Սինգապուրի դրոշով բեռնատար նավի վրա․ WSJ

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իրանը Հորմուզի նեղուցում հարված է հասցրել Սինգապուրի դրոշի ներքո գործող բեռնատար նավի, ինչը հարցականի տակ է դրել անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմավարական նշանակության ծովային ուղով անվտանգ նավագնացությունը վերականգնելու վերաբերյալ։

Հրատարակության տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է նավի կապիտանական կամուրջը, սակայն տուժածներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թեհրանը նախազգուշացրել էր նավերին՝ չօգտագործել այն երթուղիները, որոնք համաձայնեցված չեն իրանական իշխանությունների հետ։

Wall Street Journal-ը նշում է, որ միջադեպը կարող է նոր մտահոգություններ առաջացնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության վերաբերյալ, հատկապես այն պայմաններում, երբ միջազգային շուկաները փորձում են վերականգնվել տարածաշրջանային լարվածության և առևտրային ուղիների խափանումներից հետո։

Պաշտոնական կողմերից միջադեպի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ առայժմ չեն հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում