Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Նմանատիպ
Հուլիսի 15-ի առավոտյան չինական հինգ ռազմանավ ուղղություն են վերցրել դեպի Ճապոնական ծով՝ մասնակցելու Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին, որը կոչվում է «Հյուսիս. Փոխազդեցություն-2023»:
Հուլիսի 16-ին Reuters-ը հաղորդել է, որ զորավարժությունը նշանավորում է Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը։ Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո Պեկինը շարունակում է մերժել երկու երկրների միջև ռազմական շփումները վերականգնելու ԱՄՆ կոչերը։
Չինաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ զորավարժությունների թեման նշանակված է «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովումը»։
«Զորավարժություններին ռուսական կողմից կմասնակցեն ինչպես ռազմածովային, այնպես էլ՝ ռազմաօդային ուժերը»,- հայտնում է չինական Global Times առցանց հրատարակությունը։
Զորավարժությունների նպատակն է «հետագայում ընդլայնել երկու երկրների զինված ուժերի համակարգման ներուժը և ամրապնդել նրանց կարողությունները՝ համատեղ ապահովելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև արձագանքել անվտանգության տարբեր մարտահրավերներին», – ասել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
ТАСС գործակալությունը մեջբերել է չինական South China Morning Post թերթում հրապարակված Պեկինի Yuan Wang ռազմական վերլուծական կենտրոնի աշխատակից Չժոու Չենմինգի վարժանքների վերաբերյալ մեկնաբանությունը։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «ԱՄՆ-ը փորձում է ներգրավել Ճապոնիային և Հարավային Կորեային, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր մյուս դաշնակիցներին և գործընկերներին՝ Ռուսաստանին և Չինաստանին մեկուսացնելու համար»։
Չժոուն ասել է. «Չինաստանի և Ռուսաստանի է՛լ ավելի մեծ մեկուսացումը միայն կմղի Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակին և Ռուսաստանի զինված ուժերին է՛լ ավելի շատ համատեղ զորավարժություններ անցկացնել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում