Զելենսկին կհանդիպի Բայդենի հետ

Զելենսկին կհանդիպի Բայդենի հետ

Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։

Միաժամանակ հեռուստաալիքը նշում է, որ դեռ պարզ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը՝ Նյու Յորքո՞ւմ, որտեղ կանցկացվի Գլխավոր ասամբլեան, թե՞ Սպիտակ տանը։

Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ նախագահն ու Զելենսկին կհանդիպեն Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո։ Վերջին անգամ Բայդենն ու Զելենսկին հանդիպել են հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ Զելենսկին հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կարող է հայտնվել Ռուսաստանի ներկայացուցչի հետ նույն սեղանի շուրջ։ Ինչպես հրապարակմանը հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, Զելենսկին հույս ունի աջակցություն ստանալ այլ երկրներից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի, ինչպես նաև օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 26-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում