Լիտվան, Գերմանիան և Ավստրիան կոչ են արել Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել

Լիտվան, Գերմանիան և Ավստրիան կոչ են արել Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել

Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադար հաստատել։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,– այս մասին X-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը։

Իսկ Ավստրիայի արտգործանախարարությունը X-ում նշել է, որ խիստ անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած հարձակումից։ Նրանք կոչ են անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Շեշտել են` հենց հիմա դեէսկալացիա է պետք։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ–ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում