Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանին. Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարարությունը միջազգային հանրությունից պահանջում է գործուն քայլերով կանգնեցնել Ադրբեջանին։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում է խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին: Այս հայտարարությունը տարածել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ է կատարել` հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար: Ժամեր առաջ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Դրանից քիչ անց էլ տարածել են հաղորդագրություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն»։

Արցախի ԱԳՆ–ից շեշտում են` այս գործողությունները վկայում են, որ բոլոր քայլերը նախապես ծրագրված են եղել:

«Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում