75 կոնգրեսական պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

75 կոնգրեսական պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ամերիկացի կոնգրեսականները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և օգնություն ցուցաբերել արցախահայությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ կոնգրեսական Անն Էշուի պաշտոնական կայքից։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ՝ պատվավոր խոսնակ Նենսի Փելոսիի և կոնգրեսական Աննա Գ. Էշուի գլխավորությամբ, նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախում հայերի էթնիկ զտումների համար:

Նամակը ստորագրած կոնգրեսականները պաշտպանել են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ծավալվող հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ԱՄՆ վճռական գործողությունները։

«Արցախի բնակչության զանգվածային տեղահանումների լույսի ներքո պարզ է, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել աղետի մասշտաբներին։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի Ադրբեջանին, որ Արցախի դեմ իր չհրահրված ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան պատասխանի»,- ասված է նամակում։

Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել Բայդենի վարչակազմին ավելի մեծ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի տեղահանված բնակչությանն աջակցելու համար, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարման համար՝ նպատակային պատժամիջոցների և ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման միջոցով։ Ինչպես նաև, դիտորդներ ուղարկել Լաչինի միջանցք՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգ տարհանումը և հասնել համաներման Արցախի ղեկավարների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում