«3+3» ձևաչափը արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար

«3+3» ձևաչափը արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ «3+3» ձևաչափը արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։ Այս մասին Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։

Արտգործնախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ընդգծում է միջազգային սահմանների պահպանման և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։

Նա նաև գոհունակություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։ «Մենք հուսով ենք, որ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան կկազմի երեք միլիարդ դոլար, ինչը պահանջում է համապարփակ և երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր»,- ասաց նախարարը։

Գրիգորյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում՝ ասելով, որ Երևանը հաստատակամ է ընդլայնել կապերը Թեհրանի հետ։ Նա նաև նշել է, որ Հայաստանը կարևոր և կառուցողական է համարում Իրանի դերը Հարավային Կովկասի զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում