ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Հռոմի ստատուտի ընդունումը

ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Հռոմի ստատուտի ընդունումը

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Ռուսաստանը և Իբերոամերիկան անհանգիստ աշխարհում. պատմություն և արդիականություն» միջազգային համաժողովի շրջանակում։

«Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն», – ասել է Ռյաբկովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին եւ ընդունման քննարկումը բոյկոտեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:

2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը սկսել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առջև բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թվականներին ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում