Եվրախորհրդարանը ԵՄ-ից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանը ԵՄ-ից կպահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները վաղը` հոկտեմբերի 5–ին, Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում մտադիր են բանաձև ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին։ Այս մասինհայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթին։

Նշվում է, որ բանաձևով նաև կոչ են անելու կասեցնել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև նվազեցնել կախվածությունը ադրբեջանական գազից։

Նշենք, որ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար», – նշված է բանաձևում։

Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ստանձնել: Հակառակ դեպքում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը։

Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն ադրբեջանական գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորներն իրենց փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին, ինչպես նաև այն փաստի համար, որ «իրենց գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։ Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Պատգամավորները նաև Բաքվին կոչ կանեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ձերբակալված հայերին, ներառյալ քաղաքական գործիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում