Արևմուտքի տիեզերական արբանյակները կարող են թիրախ դառնալ․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի տիեզերական արբանյակները կարող են թիրախ դառնալ․  ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի քվազի քաղաքացիական տիեզերական արբանյակները, որոնք օգտագործվում են հակամարտություններում, կարող են պատասխան հարվածի “օրինական թիրախ” դառնալ, ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ուկրաինան բազմիցս հայտարարել են, որ համագործակցում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ամերիկյան արբանյակների տվյալների տրամադրման հարցերում:  Այդ  ծառայությունները ներառվել են Կիևին ռազմական օգնության փաթեթներից մեկում։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերին Maxar ընկերության կայքը հաղորդել էր, որ նրա  կոմերցիոն արբանյակները երկու անգամ նկարահանել են Սևաստոպոլը: Մասնավորապես, սեպտեմբերի 19-ին և 20-ին  Սևաստոպոլը նկարահանել են WorldView – 3 և  WorldView-2  արբանյակները ։ Արձակման պահին արբանյակները թույլ են  տվել  ստանալ բարձր դետալային պատկերներ։ Իսկ սեպտեմբերի 22-ին Կիևը հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլին։ Վնասվել էր Սևծովյան նավատորմի շտաբի պատմական շենքը, մեկ զինծառայող անհետ կորել էր։

“Քվազի – քաղաքացիական ենթակառուցվածքը  տիեզերքում միանգամայն տրամաբանորեն կարող է պատասխան հարվածի օրինական թիրախ դառնալ”, – ասել է Երմակովը: “Արեւմուտքի երկրների գործողությունների արդյունքում չարդարացված ռիսկերի են ենթարկվում խաղաղ տիեզերական գործունեության կայունությունը, ինչպես նաեւ երկրի վրա բազմաթիվ սոցիալ-տնտեսական գործընթացներ, որոնցից կախված է մարդկանց բարեկեցությունը, առաջին հերթին զարգացող երկրներում”, – ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ  հավելել է դիվանագետը:

Նրա խոսքով ՝ քաղաքացիական արբանյակների նման սադրիչ կիրառումն առնվազն հարցեր է առաջացնում 1967 թվականի տիեզերքի մասին պայմանագրի համատեքստում, որը նախատեսում է տիեզերական տարածության բացառապես խաղաղ օգտագործում, եւ պահանջում է միջազգային հանրության ամենալուրջ դատապարտումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում