«Երեք պետություն, մեկ ազգ» կարգախոսի կողմերը ստորագրել են «պատմական» համաձայնագիր

«Երեք պետություն, մեկ ազգ» կարգախոսի կողմերը ստորագրել են «պատմական» համաձայնագիր

Նոյեմբերի 15-ին Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) մայրաքաղաք Լեֆկոսայում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն։ Այսօր Թուրքիայի, չճանաչված ՀԿԹՀ-ի և Ադրբեջանի իշխող կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալան (Թուրքիա), չճանաչված ՀԿԹՀ-ի վարչապետ և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Յունալ Յուստելը և «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդագովը։ Չճանաչված ՀԿԹՀ վարչապետը նշել է այս համաձայնագրի կարևորությունը.

«Այսօր, համաձայն «Երեք պետություն, մեկ ազգ» կարգախոսի, կողմերը ստորագրեցին պատմական, միջազգային և ինստիտուցիոնալ համաձայնագիր, որը կոչված է էլ ավելի ամրապնդելու սիրո կամուրջները և երկրների միջև համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Այս ստորագրություններով «Երեք պետություն, մեկ ազգ» մեր դիսկուրսն այժմ ստացել է միջազգային իրավական հարթություն»։

Հավելենք, որ ՀԿԹՀ-ն պաշտոնապես ճանաչված է որպես անկախ պետություն միայն Թուրքիայի կողմից։ Ադրբեջանը պաշտոնապես չի ճանաչում ՀԿԹՀ-ի անկախությունը, սակայն Լեֆկոսայի և Բաքվի միջև հարաբերություններ կան։

Խորհրդանշական է նաև, որ նոյեմբերի 15-ին լրացավ չճանաչված ՀԿԹՀ-ի հռչակման 40-ամյակը, որը տեղի է ունեցել 1983թ։ Այս տարեդարձը նշվել է թե՛ Թուրքիայում, թե՛ ՀԿԹՀ-ում։ Հետաքրքիր է, որ չճանաչված ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարը նոյեմբերի 15-ի շքերթի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ողջունելու» ցանկության մասին և հավելել.

«…Թյուրքական աշխարհի մաս կազմող կիպրացի թուրքերը ուրախությամբ նշեցին Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում»։

Հավելենք, որ կիպրոսցի թուրքերի առաջնորդն ինքը հոկտեմբերի 14-ին Բաքվում բանակցություններ է վարել Ալիևի հետ: Իսկ սեպտեմբերի 7-ին ՀԿԹՀ-ի ներքին գործերի նախարարը այցով Բաքվում էր։ Այսինքն՝ նկատվում է կիպրոսցի թուրքերի և Ադրբեջանի միջև շփումների ակտիվացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում