Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են Եվրոպա և Բալկաններ գազի մատակարարումների շուրջ

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են Եվրոպա և Բալկաններ գազի մատակարարումների շուրջ

Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի բաշխման կենտրոնը լինելու է Թրակիան, այդ հարցը համաձայնեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանից վերադառնալիս։

«Ինչպես գիտեք, մենք վճռական ենք տրամադրված Թրակիան դարձնել Ռուսաստանից Բալկաններ և Եվրոպա բնական գազի մատակարարման կենտրոն: Մենք այս հարցում պայմանավորվել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Վլադիմիր Պուտինի առաջարկած գազային հանգույցի նախագիծն իրականացնելու մտադրության մասին դեռ մայիսին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

«Իր շնորհավորական ուղերձում պարոն Պուտինը կրկնել է Թուրքիայի՝ մասնավորապես Թրակիան «գազային հանգույց» դառնալու հարցը։ Մենք նրանց հետ միասին կգնանք այս քայլին։ Կենտրոնը կլինի Թրակիան»,- ասել է Էրդողանը:

2022 թվականի հոկտեմբերին Պուտինը և Էրդողանը հանձնարարել են մանրամասն ուսումնասիրել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Դրա միջոցով, մասնավորապես, հնարավոր կլիներ տեղափոխել գազի մատակարարումները վնասված Հյուսիսային հոսքերից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլ ենթակառուցվածքների զարգացման և դեպի հարավ մատակարարումների ավելացման մասին է։

Այստեղ կարող են մասնակցել նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Ալժիրը, Քաթարը և Ադրբեջանը։ Թուրքիայում Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի միջոցով գազի վաճառքի և գնման գործողությունները նախատեսվում է սկսել 2024 թվականին։ Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, արդեն հետաքրքրված են հանգույցի միջոցով գազ գնելու հնարավորությունով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում