ԿԳՄՍ նախարարը խոստացել է աջակցել ուսուցիչներին
Նմանատիպ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախարարի հետ հանդիպած ուսուցիչները։
Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք նախ խնդրեցինք, որ թույլ տա մեզ մինչև ուսումնական տարվա վերջ աշխատենք, ասեց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերում է բարձագույն կրթություն ստանալուն, ապա նախարարը ասաց, որ պետությունը մեզ կօգնի վճարի հարցում»,- ասել է ուսուցիչներից մեկը։
Նախարարը առաջարկել է նաև այն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ ԲՈՒՀ-ում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։
«Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք գրադարաններում, լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի պահանջում , կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք բարձրագույն կրթություն կկարողանաք կրկին ատեստացիա անցել ու մասնակցել ուսուցիչների մրցույթներին»,- պատմել են ուսուցիչները։
Նրանք հայտնել են, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, կսպասեն մեկ ամիս, եթե հարցը չլուծվի, կրկին կգան նախարարություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում