2024-ին սպասվող պրեմիերաների ցանկը․ մաս 1

2024-ին սպասվող պրեմիերաների ցանկը․ մաս 1

Կինոմանները նոր տարվան զուգահեռ փնտրում են 2024-ի ընթացքում սպասվող ամենամեծ պրեմիերաների ցուցակը, որպեսզի սկսեն պլանավորել կինոդիտումների օրերը։

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա առաջին կեսին ամենից սպասված ֆիլմերի ցանկը։

1Argylle – պրեմիերան՝ փետրվարի 1-ին։ Հատուկ գործակալների մասին «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» ֆիլմը հավանե՞լ ես։ Եթե այո, ապա հաստատ կհավանես նաև նոր «ARGYLLE: Սուպեր լրտեսը» ֆիլմը։ Միայն պատկերացրու՝ Դուա Լիպան, Հենրի Քավիլը ու լրտեսական արկածները․․․ ահա և երեկոն հիանալի անցկացնելու բանաձևը։

2Madame Web – պրեմիերան՝ փետրվարի 15-ին։ Թվում է, թե այս տարի սուպերհերոսական ֆիլմեր նկարահանող թիմերը հանգստի են անցել, քանի որ սուպերհերոսներին մեծ էկրանին շատ չենք տեսնելու։ Այնուամենայնիվ, տարվա առաջին գերբնական ուժերի մասին ֆիլմը «Մադամ Սարդոստայն»-ն է՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ։ Այո՛-այո՛, «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմից Անասթեյշան միացել է Marvel-յան սագային՝ իր հետ բերելով նաև «Էյֆորիա» սերիալի գեղեցկուհուն՝ Քեյսիին (Սիդնի Սուինի):

3Dune: Part Two – պրեմիերան՝ փետրվարի 29-ին։ Հաջորդը տարվա «ամենափոշոտ», բայց չափազանց սպասված ֆիլմերից մեկն է՝ «Դյունա։ Մաս երկրորդ»։ Թիմոթի Շալամե, Զենդայա, Ֆլորենս Պյու, Քրիստոֆեր Ուոքեն․ դերասանական կազմն արդեն իսկ շատ խոստումնալից է երևում։ Շալամեն 2023-ը եզրափակեց «Վոնկա»-ով, իսկ 24-ը կբացի աշխարհահռչակ «Դյունա»-ի երկրորդ մասով։

4Ghostbusters: Frozen Empire – պրեմիերան՝ մարտի 29-ին։ Էլ ինչ տարի առանց ուրվականների մասին ֆիլմերի։ Այս տարի նշաձողը զբաղեցնում է «Ուրվականների որսորդները. Ժառանգները» ֆիլմի երկրորդ մասը՝ «Ուրվականների որսորդները. Սառցե կայսրությունը»։ Ուրեմն, Սփանգլերի ընտանիքը վերադառնում է Նյու Յորք և միանում է հին որսորդների հետ՝ կանգնեցնելու չար ուժին, որը կարող է նոր սառցե դարաշրջան սկսել։ Բացի հետաքրքիր սցենարից, կարող ես տեսնել նաև IT-ից և Stranger Things-ից հայտնի, արդեն բավականին մեծացած Ֆին Վոլֆհարդին։

5Challengers – պրեմիերան՝ ապրիլի 26-ին։ Եթե գոնե մեկ անգամ համացանցում տեսել ես Թոմ Հոլանդի ապշած դեմքով մեմերը, ապա հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը։ Այս տարի Զենդայան ներկայացնում է «Հավակնորդները» ֆիլմը՝ սիրային եռանկյունու մասին բավականին հետաքրքիր սցենարով։

6The Fall Guy – պրեմիերան՝ մայիսի 3-ին։ Անհաջողակ կասկադյոր Քոլթը ստիպված է նկարահանվել բլոկբաստերում, որպեսզի օգնի իր նախկին ընկերուհուն՝ Ջոդիին, ով սկսնակ ռեժիսոր է։ Միևնույն ժամանակ անհետանում է ֆիլմի գլխավոր աստղը, և Քոլթը ստիպված է լինում գտնել նրան։ Թեթև, հետաքրքիր Էքշն կատակերգություն, որի գլխավոր աստղը 2023-ի ամենաքննարկվող կերպարներից մեկն է՝ Ռայան Գոսլինգը։ Ստացվում է, որ Գոսլինգն այլևս just Ken չէ։

7Imaginary Friends – պրեմիերան՝ մայիսի 17-ին։ Մանկության տարիներին (կամ նույնիսկ հիմա) երևակայական ընկեր ունեցե՞լ ես։ Եթե այո, ապա «Երևակայական ընկերները» ֆիլմը կստիպի տեղափոխվել մանկություն, իսկ մի շարք աստղերի ներկայությունը, ինչպիսիք են՝ Ռայան Ռեյնոլդսը, Մեթ Դեյմոնը կամ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը, այն ավելի պատկերավոր կդարձնեն։

Ինչպես երևում է, բավականին հարուստ ու բովանդակային տարի է սպասվում։ Համաշխարհային ֆիլմարտադրությունը խոստանում է անհավանական լինել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում