Այաթոլլահ Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից

Այաթոլլահ Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Կիրակի օրը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: Սպիտակ տունը խոստացել է պատասխանել Մերձավոր Արևելքում իր զինվորականների դեմ հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմաստիճան, տեղի ունենալ փուլերով և պահպանվել ժամանակի ընթացքում»։

Ըստ հրապարակման՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն, հանդիպման մասնակիցներն Ալի Խամենեիին իրենց ծրագրերը փոխանցելուց հետո ստացել են  հստակ հրահանգներ՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից և հեռացնել Իրանին ամերիկացիներին սպանած խմբավորումների գործողություններից։

Միաժամանակ Իրանը պատրաստվում է հակահարված տալ, եթե ԱՄՆ-ը հարվածի։ Ըստ աղբյուրների՝ իրանական հրամանատարությունը բոլոր զինված ուժերը դրել է բարձր պատրաստության վիճակի, ակտիվացրել է ՀՕՊ համակարգերը և բալիստիկ հրթիռներ տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում