ՔՊ-ի հակառուսական տրամադրությունները կոտրվել են․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ի հակառուսական տրամադրությունները կոտրվել են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Թեպետ ՔՊ-ականները հայտարարում էին, որ պատրաստ են դառնալ ԵՄ անդամության թեկնածու, Արևմուտքը որևէ այլընտրանք չի առաջարկել Հայաստանին՝ ոչ դրամական աջակցության, ոչ էլ անվտանգային միջավայրի ապահովման առումով․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անգամ ոչ մասնագետի մոտ, որն ընթերցի Շրջակա միջավայրի նախարարության կողմից վառելիքի ձեռք բերման փաստաթուղթը, կառաջանա ընդամենը 2 միտք՝ կա՛մ ՀՀ֊ում բենզին չկա, կա՛մ թալան ժամանակներ են մեր օրերում, քանզի այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մատակարարել Հակոբ Սիմիդյանի նախարարությանը 11.2 տոննա վառելիք։

Հ.Գ. Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետները փաստում են, որ նման դեպքերում պոտենցիալ հանցագործները, արհեստական վիժեցնելով տենդերը, նախադրյալ են ստեղծում գնումը կատարել մեկ (իրենց նախընտրած) անձից եւ համապատասխան գնով ու ատկատով։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի ՇՄ նախարարությունում տիրող տենդերային բարքերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չորսժամանոց փակ հանդիպում է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը եղել է լայն ֆորմատով, մասնակցել են նաեւ կառավարության անդամ ՔՊ-ականներ, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երկու փոխվարչապետերը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ այլք։

Մի քանի օր առաջ նույն վայրում, նույն ֆորմատով կայացած նախորդ հանդիպմանը Փաշինյանը պատգամավորներին հայտնել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու մտադրության մասին ու պատգամավորներին հանձնարարել էր՝ գնացեք-մտածեք-ուսումնասիրեք, մի քանի օրից կհանդիպենք, ձեր կարծիքն ու հիմնավորումները կհայտնեք` կողմ եք այդ հայտին, թե ոչ եւ ինչու։ Ուստի նախօրեի հանդիպմանը ներածական ելույթով վարչապետը հանդես չի եկել, այլ միայն լսել է թիմակիցների կարծիքները:

Ավելի քան երեսուն պատգամավոր ելույթ է ունեցել, հարցադրումներ, մտահոգություններ են հնչեցրել։ Մեզ պատմեցին, որ տարօրինակ պասիվ է եղել ՔՊ-ի սորոսական թեւը, շատերը անգամ չեն ներկայացել հանդիպմանը: Դեպի Արեւմուտք անվերապահ շարժվելու դիրքորոշումը պաշտպանել են հիմնականում երկու պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղման պատճառով չի մասնակցել հանդիպմանը։

Մեզ պատմեցին, որ մեծամասնությունն ավելի շատ մտահոգություն է հայտնել հնարավոր վտանգների ու զարգացումների մասին, մի քանիսը ԱԽՔ Արմեն Գրիգորյանին են նույնիսկ հղում արել, ասելով, որ ընդգծված արեւմտամետ հայացքներ ունեցող սույն պաշտոնյան իրենց հետ վերջին փակ հանդիպման ժամանակ նույնպես կանխատեսել է ռիսկեր եւ Հայաստանին սպառնացող վտանգների դեպքում դիվերսիֆիկայի բացակայության մասին է խոսել, այն է՝ Արեւմուտքը որեւէ տարբերակով այլընտրանք չի առաջարկում Հայաստանին՝ ոչ դրամական աջակցության, ոչ էլ անվտանգային միջավայրի ապահովման, դիցուք` եթե Լարսը փակվի եւ տնտեսական ճգնաժամ առաջանա, արդյո՞ք եվրոպական շուկաները կընդունեն հայկական ապրանքները եւ այլն։

Մեր զրուցակիցներից մեկը ստացած տպավորությունն ամփոփեց այսպես. «Նիկոլը զադնի ա դրել, բայց չգիտենք, թե ինչն է ստիպել: Մի քանի օր առաջ շատ մարտական էր տրամադրված: Լուր ունենք, որ առաջիկայում անգամ Մոսկվա է գնալու»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն երկար ժամանակ ջանք է գործադրել Եվրոպական միության ամենաազդեցիկ կուսակցությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն (ԵԺԿ) անդամակցելու համար: Այս ուղղությամբ հատուկ աշխատանքներ էին տանում Ռուբեն Ռուբինյանը և Վլադիմիր Վարդանյանը՝ Ստրասբուրգում, և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Բրյուսելում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ին այդտեղ ձգում էր ոչ միայն այն փաստը, որ ԵԺԿ-ն իշխող որոշիչ ուժ է ԵՄ-ում, այլև ՀՀԿ-ի անդամակցությունը այդ եվրոպական քաղաքական ընտանիքին:

ՔՊ-ականները փորձել են փոխել սեփական կուսակցության ծրագիրը, սև արշավ էին սկսել Հանրապետականի դեմ Բրյուսելում, ջանքեր էին գործադրում անձնական հարաբերություններ կառուցել Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ պատգամավորների հետ: Սակայն այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տվել, որովհետև, մեր տեղեկություններով, ՔՊ-ին հստակ ազդակ են տվել Բրյուսելից, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խաչ է քաշում ԵԺԿ-ին անդամակցելու քպական ծրագրերի վրա, առավել ևս, որ նույն ԵԺԿ-ն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մի քանի անգամ ճանաչել է քաղբանտարկյալ:

Եվ այստեղ, մեզ հասած տեղեկություններով, օգնության ձեռք է մեկնել Ֆրանսիայի նախագահը, որի կուսակցությունը մեկ այլ եվրոպական քաղաքական ընտանիքի՝ լիբերալ-դեմոկրատներին միավորող Renew Europe (նախկին ALDE) միավորման ամենաազդեցիկ անդամն է: Մակրոնը խոստացել է Փաշինյանին՝ լոբբինգ անել ՔՊ-ի անդամակցության հարցը հենց այս եվրոպական կառույցում: Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. կհաջողվի՞, արդյոք, ՔՊ-ին հասնել այդ նպատակին, կախված է նաև Հայաստանից Renew Europe-ին արդեն անդամակցող ՀԱԿ-ից և «Լուսավոր Հայաստանից»: Թե որքանով նրանք կհամաձայնեն աջակցել կամ չխանգարել ՔՊ-ին, կերևա ապագայում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմինը՝ Էկոպարեկային ծառայությունը, 2024 թվականի առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել։

Ըստ պայմանագրի՝ Էկոպարեկային ծառայությունը մի դեպքում գնել է 7000 լիտր բենզին՝ Ռեգուլյար, 480 դրամով, իսկ մյուս դեպքում՝ 1900 լիտր 510 դրամով։

Գնման եւ ձեռք բերման պայմանագրերը կնքվել են «Մաքս օիլ» ՍՊԸ-ի հետ։

Հավելենք նաեւ, որ «Մաքս օիլ»-ը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Նրա բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են: «Մաքս օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները՝ ի դեմս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել եւ լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։ Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից եւ այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որեւէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում ներքին խմորումներն ավելի են խորացել։ Խոսակցություններ են պտտվում, որ իրենց խաբել են։ Բանն այն է, որ դատավորների ներքին խմբի խոսակցության բացահայտումից հետո, երբ առաջին հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը, տպավորությունն այնպիսին էր, որ թեման պետք է այս մեկ հրաժարականով փակված լիներ, քանի որ Արշակ Վարդանյանին խոստացել են իշխանական վերնախավից, որ նրա հրաժարականից հետո մյուս դատավորներին հանգիստ կթողնեն, սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են ու հասել եւս երկու դատավորի՝ Կարեն Մարդանյանի եւ Սերգեյ Մարաբյանի հրաժարականին։ Սպասվում է նաեւ Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանի հրաժարականը:
Ասել է թե՝ Արշակ Վարդանյանին խաբել են։

Դատական համակարգում այս խառնաշփոթից հետո հարց է առաջանում՝ ինչու մյուս դատավորների ճակատագրին չի հետեւում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը եւ ազատման դիմում գրում. միգուցե նրան այդ դատավորների ներքին խոսակցությունը իշխանական վերնախավին հասցնելու համար պաշտոն կամ այլ բան են խոստացե՞լ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց ներքին խմբում կոնկրետ քաղաքական իշխանության եւ նրանց կանանց հասցեին հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում